Շվեդիայում գողացել են Կառլոս IX-ի թագն ու թագավորական այլ բացառիկ զարդեր
Շվեդական Ստրենգնես քաղաքի եկեղեցիներից մեկից գողացել են միապետական իշխանության նշաններ՝ բացառիկ թագավորական զարդեր, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ գողերը դեպքի վայրից փախուստի են դիմել մոտորանավակով:
Գողությունը տեղի է ունեցել կեսօրին, երբ եկեղեցին բաց է եղել այցելուների համար:
Շվեդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գողերը հափշտակել են երկու թագ ու միապետական գունդ՝ պատրաստված ոսկուց, զարդարված թանկարժեք քարերով, մարգարիտներով:
Հայտնի է, որ գողացված նմուշները ստեղծվել են 1600-ական թվականներին ու պատկանել են միապետ Կառլոս IX-ին ու թագուհի Քրիստինային:
Ականատեսներից մեկի խոսքով՝ ինքը տեսել է՝ ինչպես են գողերն արագ վազում ու ցատկում սպիտակ մոտորանավակի մեջ:
Մասնագետները հավելել են, որ գողացված իրերի գինն ասելը դժվար է, քանի որ դրանք բացառիկ պատմական նմուշներ են: