Համայնքներում ավելի լուրջ խնդիրներ կան, քան կապիտալ վերանորոգումները
Մարզերում կան դպրոցներ, բայց քանի որ դրանք համայնքի վերահսկողության ներքո չեն, դպրոցների նորոգման համար սուբվենցիաները չեն տրամադրվում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին կառավարության նիստում նշեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա առաջարկեց ուշադրություն դարձնել մարզային ենթակայության ծրագրերի համար՝ դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շատ գովելի է, որ գյուղատնտեսության նախարարը հոգ է տանում կրթական և առողջապահական օբյեկտների մասին:
«Բայց երբ դրվում էր 10 միլիարդի գաղափարը, նաեւ Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներով, նպատակն այն էր, որ դրանք դրվեն ենթակառուցվածքների վրա, որ տնտեսական աշխուժություն առաջացնեն համայնքներում: Խոսքը վերաբերում է ջրագծերին, ճանապարհներին, գյուղատնտեսական տեխնիկային: Ձեր բարձրացրած հարցը կարեւոր է, բայց դրանց լուծման այլ տարբերակներ ենք քննարկում: Ավելի լուրջ խնդիրներ կան, քան կապիտալ վերանորոգումը: Այդ հարցերում հույս ունենք այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ գտնել»,- ասաց վարչապետը:
Նա նաեւ նշեց, որ առաջիկայում մի քանի համայնքներում ընտրություններ են նշանակված. «Ես կոչ եմ անում հարցին մոտենալ համայնքների կառավարման արդյունավետության տեսանկյունից»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am