Մոսկվան առաջարկում է Սիրիայում իրանամետ ուժերին պահել Իսրայելի սահմանից 100 կմ հեռավորության վրա
Ռուսաստանը առաջարկել է Սիրիայում իրանամետ ուժերին պահել Իսրայելի հետ սահմանից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա՝ Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ Իսրայելի անվտանգության երաշխավորմանն ուղղված համաձայնության շրջանակում:
Նման առաջարկով հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում են Իսրայելի հեռուստատեսությունը և արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին:
Հանդիպման ընթացքում Նեթանյահուն, ինչպես և նախկինում, պահանջել է, որպեսզի իրանամետ զինյալները և նրանց դաշնակիցները երկարաժամկետ հեռանկարում դուրս գան Սիրիայից, Իրանն էլ այդ երկրից դուրս բերի իր հեռահար հրթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերը: