Վրաստանում հստակեցվում են աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուները
Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը
պաշտոնապես նախագահի թեկնածու է առաջադրել նախկին արտգործնախարար Գրիգոլ
Վաշաձեին: Նրա թեկնածությունը պաշտպանել են մեկ տասնյակ քաղաքական ուժեր,
որոնք նախօրեին հուշագիր են ստորագրել:
Ըստ մամուլի հրապարակումների՝ իշխող կուսակցության ընտրությունը կանգ է
առել անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլիի վրա: Front News International
կայքը պնդում է, որ «Վրացական երազանք»-ի աղբյուրները հաստատել են այդ
լուրը: Իշխող կուսակցությունը ավարտել է թեկնածուների հարցի քննարկումները և
վերջնական հայտարարության համար սպասում են Բիձինա Իվանիշվիլիի որոշմանը:
Սալոմե Զուրաբիշվիլին ևս նախկին արտգործնախարար է:
Այսօրվա դրությամբ նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն են
հայտնել խորհրդարանի նախկին խոսնակներ Նինո Բուրջանաձեն ու Դավիդ
Ուսուպաշվիլին, լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, «Գիրչի»
կուսակցությունից Զուրաբ Ջափարիձեն և «Վրացական երթ» կոչվող շարժման
առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն:
Ներկայիս նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ասել էր, որ որոշում կնդունի, երբ հայտնի դառնա իշխող կուսակցության թեկնածուն:
Վրաստանի նախագահի ընտրությունները անցկացվելու են 2018 աշնանը: