«Օրակարգի»՝ աշխատակիցներից ազատվելու «քաղաքակիրթ» ձևը. Վահագն Թեւոսյանի արձագանքը
«Հրապարակը» գրում է. Թավշյա հեղափոխությունը հասել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրին: Լրատվականի աշխատողների ականջին սիրո եւ համերաշխության խոսքեր շշնջալով՝ ղեկավարությունը սկսել է ազատվել նրանցից: «Օրակարգի» տնօրեն Արտակ Հերիքյանից եւ քաղաքական-վերլուծական ծրագրերի ղեկավար Հարություն Հարությունյանից հետո հերթը հասել է լրագրողներին:
Մեկ խմբագիր ազատվել է, 5-6 լրագրողի ասվել է, որ դիմում գրեն: «Հիմնավորում չկա, ասում են՝ կրճատումներ են»: Աշխատանքը կորցրել են նաեւ 3 մոնտաժող, չնայած նախկին կազմը հազիվ էր հասցնում գործը: Մեզ պատմեցին, որ մոնտաժողներից ազատվելու «քաղաքակիրթ» ձեւ են գտել: «Լրագրողներին թերթիկներ են բաժանել, որ 5 բալի սահմաններում գնահատեն մոնտաժողների աշխատանքը: Ով քիչ միավոր է հավաքել, դուրս է մնացել: Ստացվում է՝ մոնտաժողին վատություն է արել ոչ թե ղեկավարությունը, այլ իր հազար տարվա գործընկերը»: Ազատված աշխատակիցները վստահ են, որ նոր ղեկավարությունը տեղ է բացում իր թիմի համար:
Հոդվածին արձագանքել է Վահագն Թեւոսյանը.
«Սիրելի ընկերներ, այո՛ ես տեսել եմ Հրապարակ օրաթերթի հրապարակումը, քանի որ ամեն օր թերթ եմ կարդում, էդ թվում նաև մեծ սիրով՝ Հրապարակ:
Եվ ո՛չ, ոչ մի վատ բան չեմ տեսնում, երբ լրատվամիջոցը ինչ-որ լուր է հրապարակում ինչ-որ բանի մասին, նույնիսկ եթե դրա մեջ քննադատական երանգ կա:
Թեթև եմ վերաբերվում նաև, որ շատ ներքին աշխատանքային օբյեկտիվ իրողությունների հետ կապված լուրեր այդքան լայն ուշադրության են արժանանում, որովհետև ի վերջո Հանրայինն է:
Միակ զարմանքս այն էր, որ Հրապարակում ունեմ բազմաթիվ սիրելի ընկերներ, որոնք եթե ուզեին՝ կարող էին ինձ էլ հարցնել, ավելի մանրամասն ու ճշգրիտ լիներ ինֆորմացիայի մատուցումը: Բայց դե դրան էլ եմ թեթև վերաբերվում, շարունակում եմ սիրել:
Նաև շարունակում եմ հարգել թերթի սկզբունքային մոտեցումը՝ այո՛, ոչ մի ընկեր ու բարեկամ չպետք է խնայվի, եթե կարծում ես՝ խաթարում ա զարգացումն ու առաջընթացը կամ անազնիվ ու անպատասխանատու ա վարվում իր թիմակիցների կամ աշխատանքի հետ: Ես էլ եմ էդ սկզբունքով փորձում միշտ առաջնորդվել և՛ ընկերներիս միջավայրում, և՛ աշխատավայրերում, և՛ նախասիրություններում»: