ՊԵԿ-ը փոշմանել է
Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» եւ «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ դրա հետեւանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 միլիոն, 79,4 միլիոն, 53 միլիոն, 25,7 միլիոն, 349,5 միլիոն եւ 58,7 միլիոն ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով վերոհիշյալ ընկերությունների սեփականատերերին` հայտնել է, որ ՊԵԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը կանդրադառնա վերջիններիս պատկանելության խնդրին: Կցանկանայինք նշել, որ հասարակության մեջ այս կամ այն հայտնի անձնավորության հետ կապվող ընկերությունները շատ հաճախ փաստաթղթերով պատկանում են այլ ֆիզակական անձանց, ինչի վերաբերյալ պետական հաշվառումն ու գրանցումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:
Վերոնշյալ ընկերությունների փաստացի սեփականատերերի մասին տեղեկատվությունը կարող է հաստատվել քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա, հետեւաբար, նման տեղեկատվությունը, առկայության պարագայում, կտրամադրվի քրեական գործի քննության համապատասխան փուլում:
Ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասուլիսում հայտարարել է, որ վերջերս ստուգված 8 բազալցակայաններում մոտ 946 մլն դրամի խախտում է հայտնաբերվել։
Դավիթ Անանյանը նաեւ անուններ էր հրապարակել. «Կարող եմ անուններ հրապարակել, թեեւ համապատասխան փաստաթղթերը չեմ բերել ինձ հետ, կթվարկեմ հիշողությամբ ու կոնկրետ անուններով. Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, ի դեպ, ամենաքիչ խախտումները հենց Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայաններում են։
Խախտումների ցանկի մեջ է նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայանը, Գագիկ Ծառուկյանի գազալցակայանը, իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Միքայել Հարությունյանի անունները չկա ցանկում»:
Նա ընդգծել էր, որ քրեական գործ է հարուցված բոլոր 8 կազմակերպությունների նկատմամբ, բայց եթե պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։