ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը ստեղծում է անվտանգային շերտ, որը չեն կարող ճեղքել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան. Ստանիսլավ Տարասով
Վրաստանը շատ հեռու է ՆԱՏՕ-ի անդամակցությունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ հակադարձելով Բրյուսելում տեղի ունեցած Դաշինքի գագաթաժողովի ժամանակ հնչած մտքերին:
«Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ից պետք է հավաստիացնեն, որ անդամակցությունը հեռավոր ապագայի հարց չէ, որ այն մոտ է, բայց ինչպես Վրաստանը, այնպես էլ Ուկրաինան, հեռու են դրանից: 10-15 տարի Վրաստանը հաստատ չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նրանք լավ հարաբերություններ կունենան ՆԱՏՕ-ի հետ, բավական խորը, բայց անդամ առաջին տասնամյակում չեն դառնա»,- ասաց նշեց Տարասովը:
Նա ասաց, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բավական հետաքրքիր էր այն իմաստով, որ դրան մասնակցում էին Հավային Կովկասի պետություններ, այդ թվում՝ Հայաստանը:
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Սա ունիկալ է: Վրաստանը ամեն ինչ անում է, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնա, Ադրբեջանը վարում է արևմտյան քաղաքականություն, իսկ Հայաստա՞նը, ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում: Այս տեսանկյունից կարծում եմ, որ հայ դիվանագիտությունը բավական հաջող արդյունքներ գրանցեց: Առաջին հերթին Փաշինյանն իրեն աշխարհին ցույց տվեց, երկրորդ հերթին էլ նա օգտագործեց ՆԱՏՕ-ի հարթակը իր գաղափարներն ու տեսլականը ներկայացնելու համար՝ վերահաստատելով, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմավեկտոր քաղաքականություն»,- մանրամասնեց Ստանիսլավ Տարասովը:
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանն ամենևին էլ անհանգստացած չէ այն հանգամանքով, որ Հայաստանը մասնակցել է բրյուսելյան գագաթաժողովին, ինչպես խոսում են մի շարք փորձագետներ: Ըստ նրա՝ ՌԴ-ն էլ երբեք էլ Հայաստանի առաջ ընտրության հարց չի դրել:
«Մենք դեմ չենք, որ Հայաստանը համագործակցի Արևմուտքի հետ, ՆԱՏՕ-ի հետ, մենք հաշվի ենք առնում, որ Հայաստանն ունի սպեցիֆիկ խնդիրներ: Հայաստանի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ուժային ֆոն է ստեղծում: Հայաստանի համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և ՀՀ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ որոշակի իմաստով ստեղծում են անվտանգային շերտ, որը չեն կարող ճեղքել ոչ Ադրբեջանը ոչ Թուրքիան»,- ընդգծեց Ստանիսլավ Տարասովը: