Ես չեմ եկել հեղափոխություն անելու. Սամվել Բաբայանը Ստեփանակերտում գրասենյակ կունենա
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը հուլիսի 10-ին ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և նրա հարակից տարածքում գտնվող արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, որից հետո իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջև հանդես եկել ելույթով:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Ս. Բաբայանը նախ անդրադարձել է մեկուսարանից դուրս գալուց հետո Արցախ կատարած ուշացած այցին՝ նշելով, որ դրա համար կային հիմնավոր պատճառներ:
«Ես չեմ եկել հեղափոխություն անելու: Եկել եմ Արցախ նախ և առաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ և շրջապատիս դեմ: Այսօր մենք չենք կարող անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն ունենալ, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ և լուրջ մարտահրավերներ պաշտպանության ոլորտում:
Հանդիպել եմ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել առաջին հերթին առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման և անխոցելիության վերաբերյալ հարցեր: Իհարկե, մեր հանդիպման ժամանակ չէի կարող չշոշափել տնտեսական, քաղաքական, ապակենտրոն իշխանություն ունենալու խնդիրները»,- ասել է Ս. Բաբայանը:
Նրա խոսքով՝ գերակա հանդիսացող պաշտպանության ոլորտը էլ ավելի կատարելագործելու համար Ս. Բաբայանը պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի և անհատների հետ, որոնք պատրաստակամություն կհայտնեն աշխատելու:
Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նշել է, որ առաջիկա օրերին Ստեփանակերտում գրասենյակ կունենա, որը կհամակարգի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը: Գրասենյակի ղեկավարի պաշտոնում նա բացառել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի և վերջերս անկախ պատգամավոր դարձած Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: