Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ
Լարսի անցակետում այս պահի դրությամբ ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում է մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով:
Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:
Նա հայտնել է նաև, որ վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից 10՝ հայկական: «Կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման»,-հավելել է նա:
Հետգրությամբ փոխնախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել վրացական իշխանություններին՝ շուտ փչացող մթերքներ տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար, ինչի շնորհիվ ոչ մի բեռի փչացման ահազանգ չեն ստացել:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ից Լարսում հերթ էր գոյացել: Փոխնախարարը հայտնել էր, որ ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը (եթե հայտնվել է հերթի վերջում)՝ 5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը՝ մոտ 1.5 ժամ:
Նա նաև ասել էր, որ հերթը պայմանավորված էր տուրիստական սեզոնի հետ, հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում են Բաթումի հանգստանալու»:
ԿՊՏՏ փոխնախարարի հավելմամբ՝ հիմնական խնդիրը զբոսաշրջիկների առկայությունն է: «Ռուս տուրիստների հետ է կապված, որովհետև ռուս տուրիստները գնում են Վրաստան՝ հանգստի նպատակով: Այսինքն՝ ինձ հավաստիացրին, որ ուղիղ 50 տոկոսը, տվյալներն այսօր առավոտվա են, ռուսական մեքենաներն են, ռուս տուրիստները, որոնք գալիս են Ռուսաստանից»,-ասել էր նա: