Հայաստանում եւ Ադրբեջանում արձագանք առաջացրած բլոգերը բոլորին կոչ է արել խաղաղ ապրել

Հայ-վրացական ծագման բելառուցսի բլոգերը, որը նյութեր է հրապարակում Վլադ Մագ անվան տակ, բոլորին խաղաղ ապրելու կոչ է արել:
Մոտ մեկ շաբաթ առաջ բլոգերը տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ: Նյութում ցույց է տրված ինչպես լավ, այնպես էլ վատ կողմերը՝ Իրանի հետ սահմանին գտնվող տարածքների բնակիչների կասկածելի վերաբերմունքը զբոսաշրջիկների նկատմամբ, մարդիկ, որոնք պատրաստ են օգնել անծանոթներին, եւ նրանք, ովքեր ատելությամբ են խոսում հայերի մասին: Տեսանյութն արձագանք էր առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:
Տեսաուղերձում բլոգերն արձանագրում է, որ նյութը հրապարակելուց հետո նրա հասցեին մի շարք սպառնալիքներ են հնչեցվել: «Ես խաղաղությամբ եմ եկել երկիր: Իմ նպատակն է ցույց տալ մարդկանց ինչպիսին նրանք կան: Բայց շատերը լավը չեն տեսել, միայն՝ բացասականը»,- պնդում է բլոգերը:
Պատասխանելով մեղադրանքներին այն մասին, որ տեսանյութը սադրիչ բնույթ է կրում, բլոգերն ընդգծել է, որ աշխատում է միայն իր ալիքի համար, իսկ բովանդակությունը չի վաճառվում եւ չի գնվում:
«Ես նախկինում նման ագրեսիայի չեմ հանդիպել: Մարդու քաղաքական հետապնդումը, ով կապված չէ քաղաքականության հետ, ճիշտ չէ: Հետապնդում իրականացնել տարածաշրջան այցելելու համար, որի կարգավիճակի շուրջ քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության գալ, անօրինական է: Հակամարտությանն ընդամենը 20 վայրկյան է հատկացված: Ընդ որում, դրանք բոլորին հայտնի տվյալներ են համացանցից»,- հայտարարել է բլոգերը Ղարաբաղ կատարած այցի եւ նյութի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հատվածի մասին:
«Կոչ եմ անում բոլորին խաղաղության մեջ ապրել, քանի որ ատելությունը հոշոտում է մեզ ներսից»,- եզրափակել է բլոգերը: