Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հրապարակել է Ռուսաստանում հավաքված և Արցախ ուղարկված գումարի չափը
Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2016 թվականի «քառօրյա պատերազմի» օրերին հավաքված և Արցախ ուղարկված միջոցների վերաբերյալ հաշվետվության փաստաթղթերը:
«2016 թվականի ապրիլին «քառօրյա պատերազմի» ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը դիմել է Հայ Առաքելական եկեղեցու բոլոր թեմերին՝ կոչ անելով կազմակերպել դրամահավաք՝ Արցախին աջակցելու համար: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ղեկավար, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանն այդ կոչը փոխանցել է թեմի հետևորդներին, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում հավաքվել է 9 միլիոն ռուբլի, որոնք փոխանցվել են Սուրբ Էջմիածնի հաշվեհամարին, իսկ այնուհետ՝ Արցախ: Արքեպիսկոպոսի կոչով եկեղեցական համայնքի բարեպաշտ անդամներ Էդիկ Զուլոյանը, Արմեն Սիմոնյանը, Գալստյան եղբայրները, Սմբատ Հարությունյանը, Գագիկ Ավետիսյանը և Աշոտ Բոլյանը փաթեթավորել և Արցախ են ուղարկել ընդհանուր 20 տոննա քաշով մարդասիրական բեռ՝ սննդամթերք, հագուստ, կոշիկ և առաջին անհրաժեշտության պարագաներ»,- հայտնում է թեմի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով հավաքված և ուղարկված օգնության հաշվետվությունը:
Թեմում նշել են, որ Ռուսաստանում հավաքված դրամական միջոցները 2016 թվականի պատերազմից հետո Արցախին օգնության համար Սուրբ Էջմիածնի կողմից ուղարկված 500.000 դոլարի մաս են կազմել: Թեմում նշել են նաև, որ հաշվետվության հրապարակմամբ նրանք նպատակ ունեն եկեղեցին զերծ պահել զրպարտությունից, որը հնչել է Սիմֆերոպոլի հոգևոր համայնքի նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի հայտարարությունում, որը կարծիք է հայտնել, որ միջոցների հավաքման գործընթացում նա «կոռուպցիոն սխեմա» է նկատել:
Թեմում նաև կոչ են արել Խաչատրյանին փաստաթղթեր ներկայացնել այն մասին, թե ինչ օգնություն է ինքը տրամադրել Հայաստանին, Արցախին և Հայ եկեղեցուն իր հոգևոր գործունեության 15 տարիների ընթացքում՝ ընդգծելով, որ Խաչատրյանի գործունեության գնահատականը տվել են իր համայնքի անդամները, որոնք դիմել են Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ նրան կարգալույծ անելու խնդրանքով: