Ո՞ր երկրների վրա ամենաշատը կազդի Չինաստան-ԱՄՆ առեւտրային պատերազմը
Այս թեմայով
ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը կարող է աշխարհի որոշ պետությունների վրա ավելի վատ ազդեցություն ունենալ, քան հենց հակամարտող կողմերի: Այս մասին գրում է Business Insider UK-ի վերլուծաբան Մայքլ Սելբի-Գրինը:
Հուլիսի 6-ին ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների համար նոր մաքսատուրքեր սահմանելու վերջնաժամկետն էր, ինչին հետեւել է Չինաստանի կողմից նմանօրինակ մաքսատուրքերի սահմանումը: Չինաստանի առեւտրային նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կրակեց ամբողջ աշխարհի վրա»՝ զգուշացնելով, որ չինական ապրանքների՝ Վաշինգտոնի առաջարկած մաքսատուրքերը մեծ հարված կհասցնեն միջազգային սպառողական շղթաներին:
Շվեյցարական Փիքթեթ Ասեթ Մենեջմենթ ընկերության տնտեսագետները ներկայացրել են երկրներ, որոնց տնտեսություններն առավելապես կտուժեն առեւտրային պատերազմից: Ցանկում առաջինն այն երկրներն են, որոնք հումք են տրամադրում այլ երկրների՝ արտահանվող ապրանքների արտադրության համար:
Այսպես. Իռլանդիայի արտահանման 59.2%-ը համաշխարհային սպառողական շղթայի մաս է կազմում. այստեղ է գտնվում Google-ի գլխավոր գրասենյակը, տնտեսության մեջ առաջատար են բարձր տեխնոլոգիաների եւ բանկային ծառայությունների ոլորտները, ուստի այն մեծ կախվածություն ունի ուղիղ արտասահմանյան ներդրումներից եւ կարող է տուժել համաշխարհային շուկայի տատանումներից:
Իսլանդիան, որպես փոքր պետություն, զգայուն է համաշխարհային շուկայում տատանումների հանդեպ, հատկապես, որ արտահանման մեծ մասն ուղղվում է ԵՄ, ԱՄՆ եւ Ճապոնիա: Նույն կերպ Մալազիայի ամենամեծ առեւտրային գործընկերը Չինաստանն է, ինչը երկիրը դարձնում է խոցելի հնարավոր առեւտրային պատերազմի պարագայում:
Սինգապուրը, համարվելով աշխարհում ամենամեծ ազատ առեւտրային տնտեսություններից մեկը, տարեկան ավելի քան 100 մլն դոլարի փոխադարձ առեւտուր է անում Չինաստանի հետ: Հարավային Կորեան երկու կողմից կարող է տուժել, քանի որ նրա առաջատար առեւտրային գործընկերներն են ԱՄՆ-ն, Չինաստանը եւ Սինգապուրը:
ԵՄ անդամ պետություններից Չեխիան, Հունգարիան եւ Սլովակիան կարող են մեծապես տուժել չին-ամերիկյան առեւտրային հակամարտությունից, քանի որ դրանց տնտեսությունների հիմնական մասը հիմնված է արտաքին առեւտրի վրա:
Թայվանի տնտեսությունը գլոբալիզացիայի ենթարկվածների շարքում առաջատարներից է աշխարհում, հետեւաբար այն կարող է խոշոր անկում ապրել համաշխարհային տնտեսության տատանումներից:
Լյուքսեմբուրգի վիճակն ամենախոցելին է. այս փոքր եվրոպական պետությունն աշխարհում Կատարից հետո երկրորդն է մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի մասնաբաժնով: Երկրի տնտեսությունը մեծապես հիմնված է արտահանման վրա, որի 70%-ից ավելին գնում է համաշխարհային շուկա, ինչն էլ նշանակում է, որ չին-ամերիկյան առեւտրային պատերազմը կարող է կործանարար լինել Լյուքսեմբուրգի համար: