Իրանը որոշել է մնալ միջուկային գործարքում. Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Վիեննայում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը որոշել է պատասխանատու վերաբերմունք դրսեւորել եւ մնալ միջուկային գործարքում այն բանից հետո, երբ այն լքեց ԱՄՆ-ն, նշված է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել իրանական միջուկային գործարքի անդամ երկրների նախարարական նիստը:
«Երբ ԱՄՆ-ն որոշեց միակողմանի կարգով դուրս գալ իրանական ատոմի գործարքից, իրանական կողմը որոշեց մնալ՝ դրսեւորելով պատասխանատու վերաբերմունք»,- ասել է Զարիֆը:
«Միջազգային համաձայնագրերին հետեւելը միջազգային համաձայնագրերի հիմքն է, անհրաժեշտ է պաշտպանել իրանական միջուկային գործարքի արդյունավետությունն ու խստությունը: Չինաստանը պատրաստ է դրա համար ջանքեր ներդնել Իրանի եւ մյուս համապատասխան երկրների հետ համատեղ»,- շեշտել է Չինաստանի ԱԳ նախարարը: