«Հայաստանն ինձ հիշեցնում է «Աստերիքս և Օբելիքս» մուլտֆիլմն՝ իր քաջ հերոսներով»․ թուրք պատմաբան
Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «Ակօս»-ի հետ զրույցում կիսվել է հայաստանյան այցի տպավորություններով։
Խոսելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին՝ Աքչամը մեր երկրի շուրջ զարգացող իրադարձությունները համեմատել է հայտնի մուլտֆիլմի, իսկ ժողովրդին՝ այդ մուլտֆիլմի քաջ հերոսների հետ։
«Այս պահին Հայաստանն ինձ հիշեցնում է «Աստերիքս և Օբելիքս» մուլտֆիլմը։ Պատմությունը հայտնի է․ Հռոմը գրավում է ամբողջ Եվրոպան, Հյուսիսային Ասիան և Մերձավոր Արևելքը, սակայն Աստերիքսի ու Օբելիքսի գյուղը գրավել չի կարողանում։ Այս փոքրիկ գյուղը կայսրության քարտեզի վրա մնում է որպես բիծ․․․ Հայաստանն այսօր Աստերիքսի ու Օբելիքսի գյուղի պես է։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանում, Թուրքիայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում աճում է ռասիզմը, ամեն բան որոշում է ավտորիտար և տոտալիտար միտումներով քաղաքականությունը՝ Հայաստանն աշխարհի քարտեզի վրա մնում է որպես մի գեղեցիկ «բիծ»։ Երկրում փչում են ժողովրդավարության ու ազատության քամիները, մարդիկ՝ թեկուզև մի փոքր զգուշավոր ու քաշվող, սակայն հույսով լի են։ Նրանք երջանիկ են, որ կարողացել են հաջողել», - նշել է Աքչամը։
Ըստ թուրք պատմաբանի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն առաջնորդեց ժողովրդական շարժումը, արեց այն, ինչ չհաջողեց անել Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Աքչամը նշել է, որ իր ունեցած տեղեկությամբ հայաստանյան շարժման ղեկավարները քայլերթի գաղափարի հարցում օրինակ են վերցրել հենց Քըլըչդարօղլուից։
«Փաշինյանը տպավորվել ու իր համար որպես օրինակ է ծառայեցրել Քըլըչդարօղլուի քայլերթը։ Իսկ երբ ոստիկանությունը հարձակում գործեց մարդկանց վրա՝ կոչ արեց մարդկանց երեկոյան իրենց տների պատուհաններից բողոքի ակցիաներ անել՝ բարձրաձայն զարկելով կաթսաներին ու տապակներին, ինչպես հաճախ արվում է Թուրքիայում։ Փաստորեն, Թուրքիան որոշ հասարակական դիմադրության մոդելների առումով օրինակ է ծառայել։ Այստեղից պարզ է դառնում, որ Քըլըչդարօղլուն պարզապես այնքան քաղաքական համարձակություն չուներ, ինչպես Փաշինյանը, և հավանաբար վախենում է փոփոխություններից», - եզրափակել է Աքչամը։