ԵՊՀ-ում առկա է ավելի քան 3 200 տեղ, դիմորդների թիվն ընդամենը 1 519 է
Հայաստանյան բուհերում մտահոգ են այս տարվա դիմորդների փոքր քանակով: Խնդիրը բարձրաձայնվել է նաեւ Երեւանի պետական համալսարանում երեկ կայացած գիտխորհրդի նիստի ժամանակ:
«Կենտրոնացված ընդունելության համակարգում գրանցվել է 4 620 դիմորդ, որոնց 32.88 տոկոսը՝ 1 519-ը, դիմել են ԵՊՀ: Մյուս բուհերի հետ համեմատած՝ սա բավականին բարձր ցուցանիշ է: Հայտերի ընդունման երկրորդ փուլն արդեն մեկնարկել է, եւ առաջիկայում կունենանք առավել հստակ տվյալներ: ԵՊՀ երկու ֆակուլտետներում՝ «Իրավագիտություն» ու «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա», ընդունելությունը կիրականացվի մրցույթային կարգով: Որոշ մասնագիտությունների գծով բավականին ծանր է պատկերը, ֆակուլտետներ էլ կան, որտեղ դիմորդների թիվը 10-ից պակաս է»,- փաստել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ԵՊՀ-ն ունեցել է 2 632 դիմորդ:
Բուհին այս տարի հատկացվել են 2 870 վճարովի եւ 339 անվճար տեղեր, որոնցից 38-ը նախատեսված են բանակից զորացրված դիմորդների համար: Ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ ամենաշատ դիմորդ ունեն «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա», «Ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Սերվիս», «Հանրային կառավարում», «Լրագրություն», «Կառավարում» եւ «Ֆինանսներ» մասնագիտությունները: Առավել փոքր թվով դիմորդներ ընտրել են «Քիմիա», «Սննդի անվտանգություն», «Կենսաֆիզիկա եւ կենսաինֆորմատիկա», «Երկրաբանություն», «Կենսաբանություն», «Կենսաքիմիա», «Աստվածաբանություն», «Եկեղեցաբանություն» մասնագիտությունները: Այս տարի ԵՊՀ-ում չկա այնպիսի ֆակուլտետ, որն ընդհանրապես դիմորդ չի ունեցել:
Դիմորդների փոքր թիվը կապված է շրջանավարտների սակավությամբ, ինչն էլ իր հերթին 12-ամյա կրթության անցումային փուլում ի հայտ եկած խնդիր է: