Էրդողանը նշել է, որ իր կուսակցության ներսում խնդիրներ կան
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հերթական նիստին նշել է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցության ստացած սովորականից ցածր ձայները մտահոգության տեղիք են տալիս ու մատնանշում կուսակցության ներսում լուրջ խնդիրների առկայության մասին։ Այդ մասին գրել է «Հյուրրիյեթ» պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սևին, որը հայտնի է իշխանական օղակների հետ իր մոտ կապերով։
«Մենք պետք է նայենք, թե ինչու է կուսակցությունն այսքան ձայն հավաքել, կուսակցության ներսում խնդիրներ կան։ Պատգամավորների թեկնածուների ցուցակում սխալներ եղան, այլ սխալներ էլ են եղել։ Մենք պետք է վերացնենք այդ խնդիրները»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Սևին։
Ըստ Սևիի՝ Էրդողաննն «ընտրատուփից դուրս եկող հաղորդագրությունը ճիշտ կարդացող» առաջնորդ է, այդ իսկ պատճառով կարողացել է հաղթել 13 խորհրդարանական ընտրություններում։
Թուրք սյունակագիրը շեշտում է, որ երբ անցյալ տարվա ապրիլին կառավարման նախագահական համակարգի անցման վերաբերյալ ժողովրդական հանրաքվեում Էրդողանը ստացավ իր համար ցանկալի արդյունքը, շնորհավորական հեռախոսազանգերի մեծ մասին պատասխանեց՝ ասելով, որ առավել կարևոր են 2019-ի (որոնք արտահերթ կերպով անցկացվեցին 2018-ի հունիսին) ընտրությունները։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Էրդողանի կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը՝ ստանալով ձայների 42,54 տոկոսը։
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունների կազմած միասնական դաշինքը հավաքել է ընտրողների ձայների 34,04 տոկոսը, ընդդիմադիր դաշինքից դուրս մնացած քրդամետ ժողովրդադեմոկրատներն էլ խորհրդարան կմտնեն 11,69 տոկոսով։ Այսպիսով՝ երկրի ընդդիմությունը կկարողանա կազմել Մեջլիսի 45,73 տոկոսը՝ առաջ անցնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից։ Դրանից հետո իշխանությունները ստիպված եղան շարունակել համագործակցությունը կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժում» կուսակցության հետ, որն ունի ընտրողների ձայների 11,11 տոկոսը։