Զորահանդես անցկացնելը եւ մարտական խնդիր կատարելը տարբեր միջոցառումներ են. Արտակ Դավթյան
Ադրբեջանի սպառազինումը եւ փորձը՝ ներքաշել հայկական կողմին սպառազինությունների մրցավազքի մեջ, չի կարող չանհանգստացնել ոչ միայն Հայաստանին, այլ ողջ միջազգային հանրությանը, քանի որ այն վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ նշել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
«Միամտություն կլիներ կարծել, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերի զինանոցի համալրման մասին տեղեկությունները հայթայթում է Բաքվի կազմակերպած զորահանդեսներից։
Բնականաբար՝ մենք գիտենք ինչ զինատեսակներ ունի հակառակորդը, սպառազինության որ տեսակների վրա է կատարում հիմնական շեշտադրումները, ինչ է փորձում ձեռք բերել եւ այլն։ Իհարկե՝ Ադրբեջանի սպառազինումը եւ փորձը՝ ներքաշել մեզ այդ մրցավազքի մեջ, չի կարող չանհանգստացնել, ընդ որում՝ ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ միջազգային հանրությանը, քանի որ այն վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը, առավել եւս՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության պարագայում, որը հայտնի է իր ռազմատենչ հռետորաբանությամբ»,-ասել է նա:
Արտակ Դավթյանը վստահեցրել է, որ ՀՀ զինված ուժերն ունեն բավարար միջոցներ իրենց վրա դրված խնդիրները արդյունավետ իրականացնելու համար։
«Ավելին. մենք գործուն քայլեր ենք ձեռնարկում սպառազինության առումով որակական առավելություն ձեռք բերելու ուղղությամբ՝ նաեւ զարկ տալով սեփական ռազմարդյունաբերության զարգացմանը։ Մեր հասարակությունը պարբերաբար առիթներ կունենա համոզվելու դրանում։ Նշված խնդիրը գտնվում է պետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության եւ ամենօրյա վերահսկողության ներքո։ Զորահանդես անցկացնելը եւ մարտական խնդիր կատարելը տարբեր միջոցառումներ են եւ դրա ամենավառ ապացույցն ավելի քան երկու տասնամյակ Բաքվում կայացող «շքեղ» զորահանդեսներն են, դրան զուգահեռ՝ օպերատիվ եւ ռազմավարական պարտությունները»,-նշել է Արտակ Դավթյանը: