Մեգան Մարքլին մեղադրել են թագուհու նկատմամբ անհարգալից լինելու համար
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նոր անդամ Մեգան Մարքլը՝ արքայազն Հարիի կինը, կրկին հայտնվել է քննադատության թիրախում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, թագավորական ընտանիքի երկրպագուներից մի քանիսը պնդում են, որ օրերս Բուքինգհեմյան պալատում կայացած պաշտոնական ընդունելության ժամանակ Սասեքսի դքսուհին խախտել է թագավորական էթիկետն ու անհարգալից եղել թագուհու՝ Էլիզաբեթ 2-րդի նկատմամբ:
Նրանց համոզմամբ՝ դքսուհին իրավունք չուներ թագուհու ներկայությամբ նստած լինելու ժամանակ մի ոտքը մյուսին գցել: Փոխարենը նա պետք է ոտքերն իրար մոտեցներ ու դրանք մի կողմի վրա թեքեր, ինչպես որ անում է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:
Երկրպագուների խոսքով՝ թագուհու ներկայությամբ ոտքերը կարելի է խաչել միայն կոճերի հատվածում, մինչդեռ ոտքը ոտքին գցելն անընդունելի է:
Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մարքլին մեղադրում են 92-ամյա միապետի նկատմամբ անհարգալից լինելու համար: Ավելի վաղ բրիտանացիներին դուր չէր եկել այն հանգամանքը, որ Մարքլը թագուհուց առաջ էր ընկել ու նրանից շուտ մեքենա նստել, իսկ թագավորական ձիարշավի մրցումների ժամանակ մեջքով էր շրջվել Էլիզաբեթ 2-րդին: