Ադրբեջանցի միլիարդատերը տիեզերական պետություն է հիմնել
Ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր Իգոր Աշուրբեյլին հայտարարել է տիեզերական պետություն հիմնելու մասին, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նա այդ մասին ասել է Վիեննայում կայացած միջոցառման ժամանակ:
Աշուրբեյլիի խոսքով` պետությունը կոչվում է Ասգարդիա ու հենց ինքն էլ դրա ղեկավարն է:
«Կարող եմ հայտարարել, որ Ասգարդիան արդեն ծնվել է»,-ասել է միլիարդատերը:
Չնայած, որ Ասգարդիան Երկրի վրա տարածք չի զբաղեցնում, սակայն այն ունի մոտ 200.000 քաղաքացի, որոնք համացանցի միջոցով ստորագրել են Ասգարդիայի քաղաքացի դառնալու հայտարարության տակ:
Նշվում է, որ Աշուրբեյլին տիեզերական պետությունը մտադիր է կառուցել Լուսնի կամ ուղեծրի վրա:
Հետաքրքրական է, որ Ասգարդիան արդեն ունի սահմանադրություն, դրոշ, օրհներգ, պետական ներկայացուցիչներ, SOLAR կրիպտոարժույթ: Իսկ ինչ վերաբերում է Երկրի հետ կապերին, ապա Աշուրբեյլիի խոսքով՝ պետությունը պետք է ինքնուրույն լինի:
«Ասգարդիան կմշակի ենթակառուցվածք, որը կախում չի ունենա երկրային համակարգերից»,-ասել է Աշուրբեյլին: