Թբիլիսիում հայտնի վրացի երգչի են դանակահարել
Թբիլիսիում հարձակվել են հայտնի վրացի երգիչ, Kuchis bichebi խմբի մենակատար Իրակլի Նոզաձեի վրա, ինչի հետևանքով նա դանակի բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է apsny.ge-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությանը:
Նախնական տվյալների համաձայն՝ Ծերեթելի փողոցում հարձակումն իրականացրել են երկու կանայք: Նոզաձեին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա երեք ժամ վիրահատվել է: Այժմ նա գտնվում է ծանր վիճակում:
«Մեր Իրակլիի վիճակը կայուն է: Փա՛ռք Աստծո, որ վիրահատությունը լավ է անցել», - Facebook-ում գրել է խմբի անդամ Պաատա Խաչիձեն:
Ականատեսների խոսքով՝ երկու աղջիկ խնդրել է Նոզաձեին դուրս գալ տնից: Երգիչը դուրս է եկել ու նստել ավտոմեքենա, իսկ մի քանի վայրկյան անց նա արյունոտված դուրս է եկել ավտոմեքենայից՝ օգնություն խնդրելով:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: