Իզմիրում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Էրդողանի վերընտրվելու դեմ, ոստկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (լուսանկարներ)
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայի՝ մեծությամբ երրորդ քաղաք Իզմիրում նախօրեին նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հայտարարումից հետո բողոքի ցույցեր են տեղի ունեցել վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Նշվում է, որ Իզմիրի Բայրաքլը շրջանում շուրջ 1000 մարդ է հավաքվել ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու՝ վանկարկելով հակաիշխանական տարբեր կոչեր։ Տեղի բնակիչներն աջակցություն են հայտնել հանրահավաքի մասնակիցներին՝ լուսամուտներից կաթսաներով ու շերեփներով նվագակցելով։
Հայտնի է, որ բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, օգտագործվել են նաև ջրցան մեքենաներ, ձերբակալվածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իզմիրում Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու, ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակից Մուհարրեմ Ինջեի հանրահավաքին շուրջ 3 մլն մարդ էր հավաքվել։ Ինջեի նախընտրական այդ հանրահավաքը մամուլն անվանել էր պատմական ու համարել ռեկորդ։
Նախօրեին տեղի ունեցած ընտրությունների նախնական տվյալներով՝ Էրդողանը ստացել է ձայների 52,6%-ը: