ԵԱՀԿ-ն հայտարարել է Հարավային Կովկասի երկրների հետ կապերն ընդլայնելու մտադրության մասին
ԵԱՀԿ-ն հայտարարել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին: Այդ մասին ասված է Հարավային Կովկասի երկրներ այցից հետո տարածված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի 24 մշտական ներկայացուցիչների խումբն այցելել է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այս ձևաչափով վերջին տարիների ընթացքում առաջին այցի նպատակն էր դեսպանների կողմից տարածաշրջանում ԵԱՀԿ սկզբունքների համաձայն խաղաղության, կայունության և բարգավաճման ամուր հանձնառությունը, ինչպես նաև այս երկրներում ԵԱՀԿ աշխատանքների ակտիվացման ուղղությամբ իրենց աջակցությունը վերահաստատելը:
Հունիսի 18-22-ը ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել Երևանում, Թբիլիսիում և Բաքվում բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հաղորդվում է, որ բանակցությունների ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել անվտանգության, հակամարտությունների և վերջին քաղաքական զարգացումների հարցերին:
Ֆրանսիայից դեսպան Վերոնիկ Ռոջեր Լականն այցի ընթացքում փոխանցել է խմբի համատեղ ուղերձները՝ ընդգծելով ի շահ ընդհանուր անվտանգության ԵԱՀԿ-ի ավելի ակտիվ համագործակցությանն աջակցությունը:
«ԵԱՀԿ-ն ցանկանում է ընդլայնել իր կապերը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ երկրների հասարակություններին և կազմակերպությանն անվտանգության բոլոր հարթություններում օգուտ տալու նպատակով»,- ասել է նա:
Ինչպես նշվում է հայտարարությունում, Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկումները կենտրոնացել են ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի շարունակական համագործակցության կարևորության վրա:
Այս հանդիպումների և Ազգային ժողովում խորհրդակցությունների մասնակիցները շնորհակալություն են հայտնել վերջին տարիներին ԵԱՀԿ-ի աշխատանքի համար և շահագրգռվածություն հայտնել շարունակական համագործակցության վերաբերյալ: Հանդիպում է կայացել նաև ԵԱՀԿ ծրագրի շահառուների և ծրագրերի իրականացման նախկին գործընկերների հետ:
«Ես վերադառնում եմ Վիեննա՝ խորապես ոգեշնչված Հարավային Կովկասի երեք երկրներ այդ կարևոր այցելությունից»,- հայտարարել է ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Ալեսանդրո Ազոնին:
Նա հավելել է, որ կազմակերպության նպատակը վստահության ամրապնդումն է և ԵԱՀԿ-ի հետ Հարավային Կովկասի երկրների համագործակցությունն ակտիվացնելու ցանկությունը:
«Նրանք կարևոր դեր են զբաղեցնում ԵԱՀԿ-ի օրակարգում, և մենք միմյանց հետ կիսվելու շատ բան ունենք փոխադարձ անվտանգությունն ամրապնդելու համար»,- նշել է Ազոնին: