Ստամբուլի նորակառույց օդանավակայանում առաջին վայրէջքը կատարել է Էրդողանի ինքնաթիռը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղափոխող օդանավն առաջին վայրէջքն է կատարել Ստամբուլի երրորդ՝ նորակառույց օդանավակայանում, այս մասին տեղեկացնում է թուրքական diken.com.tr կայքը։
Հայտնի է, որ Էրդողանը Ստամբուլ է ժամանել Այնթապից՝ TC-ANK տեսակի ինքնաթիռով։
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ երրորդ օդանավակայանի կառուցման նպատակով արդեն ոչնչացվել է շուրջ 124 հա անտառապատ տարածք: Օդանավակայանի թռիչքուղին ունի 3750 մ երկարություն և 60 մ լայնություն։
«Շնորհավորում եմ բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել՝ ճարտարապետից մինչև ինժեներ։ Իսկապես հրաշալի կառույցի տեր դարձանք»,- ասել է Էրդողանը։
Անցյալ տարի Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, դիմելով երկրի տրանսպորտի և կապի նախարար Ահմեդ Արսլանին, հայտարարել էր, որ իշխանություններն իրենց կառուցած կամուրջներով, ճանապարհներով ու այլ շինարարական նախագծերով հպարտանալու փոխարեն, պետք է պատասխան տան Ստամբուլի էկոհամակարգն ամբողջովին խախտելու համար:
Ավելի վաղ նշվել էր, որ Ստամբուլի երրորդ միջազգային օդանավակայանի շահագործման հանձնվելուց հետո ներկայում գործող Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը կծառայի միայն օտար երկրների առաջնորդների օդանավերն ընդունելու համար։