Ոչ այս կողմ է ծայրահեղացնել պետք, ոչ այն. ՊՆ խոսնակը Ադրբեջանի հայտարարությունների մասին
Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիեւը հանդես են եկել գրեթե նույնաբովանդակ հայտարարություններով: Երկուսն էլ խոսել են այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են հայերի կողմից «իրենց պատկանող օկուպացված տարածքները հետ բերել»: Գաջիեւը իր խոսքում նշել է, որ, ըստ էության, իրենց նպատակը հայկական տարածքների վրա հարձակումն ու դրանց գրավումն է:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդպիսի հայտարարություններ միշտ էլ արել է հակառակորդը:
- Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիեւը երեկ հայտարարել են Արցախում ռազմական գործողություններ սկսելու իրենց մտադրության մասին, ինչպե՞ս սա կմեկնաբանեք:
- Եթե այն ստանդարտ մշտական հայտարարություններից է, մեզ համար դա նորություն չի:
- Անհանգստանալու առիթ չկա՞:
- Իմ կարծիքով՝ ոչ ծայրահեղացնել է պետք այս կողմ, ոչ ծայրահեղացնել է պետք այն կողմ: Այսինքն, ոչ պետք է ասել, որ դա ուղղակի դատարկախոսություն է, ոչ էլ պետք է համարել, որ հենց վաղը այդ խոսքերը համարվելու են ռազմական գործողությունների հրաման:
- Այս պահին առաջնագծի իրավիճակին հետեւելով, ի՞նչ կասեք նման բան հնարավո՞ր է:
- Մարտական գործողությունների սկսելը ցանկացած օր հավանականություն ունի: Կողմերի սպառազինման, կողմերի պատրաստակամության, մարտական հերթապահության բարդությունների եւ լարվածության պարագայում ամեն օր էլ մարտական գործողություն սկսվելու հավանականություն կա: Բայց ասել, որ հենց այս րոպեին, հենց իր հայտարարությունից ելնելով՝ այդ հավանականությունը ավելի մեծացավ, քան երեկ էր, դա լուրջ չի:
- Նման հայտարարությունները մեր բանակին ավելի զգո՞ն են դարձնում, թե՞ բանակը այնքան զգոն է, որ նման հայտարարությունները ազդեցություն չեն ունենում:
- Իմ կարծիքով՝ բանակի զգոնությունը բարձրացնելը ոչ թե իրենց քաղաքական հայտարարություններից է բխում, այլ իրենց զինված ուժերի գործողություններից, լինի դա զորավարժության կամ այլ դրսեւորումների տեսքով:
- Այս պահին Ադրբեջանը նորից զորավարժություննե՞ր է իրականացնում:
- Մեծ զորավարժություն այս պահին չկա: