«Մեր հարևանը Ռուսաստանն է, այլ ոչ ԱՄՆ-ն»․ Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր է լավացնել ու զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ շեշտելով, որ իրենց «պատմական հարևանը» հենց Ռուսաստանն է, այլ ոչ ԱՄՆ-ն, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա են մի շարք խնդիրներ։ Մեր հարևանը Ռուսաստանն է, այլ ոչ ԱՄՆ-ն։ Մենք պարտավոր ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք համագործակցում ենք Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ, և ԱՄՆ-ն իրավունք չունի մեզնից պահանջել խզել մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- ասել է Թուրքիայի վարչապետը։
Յըլդըրըմը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մինչ օրս չի արտահանձնել Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։