Կաթի օպտիմալ գինը շուկան է որոշում. կառավարության պատասխանը գյուղացիներին
Կաթի օպտիմալ գինը շուկան է որոշում: Այսօր՝ հունիսի 21-ին կառավարության հերթական նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե շուկան, փաստորեն, չի կարողանում որոշել եւ գուցե պետությունը գին սահմանի, նախարարը պատասխանեց, որ պետությունը չի կարող ասել՝ կաթի գինը պետք է լինի 142 դրամ 75 լումա:
«Ամբողջ աշխարհում գոյություն ունի երկու մոդել: Մեկ, որ պետությունն ասում է՝ կաթի գինը պետք է լինի 2 ռուբլի 15 կոպեկ, կամ կաթի եւ ցանկացած այլ ապրանքի գինը որոշում է շուկան: Հիմա եթե մենք գնում ենք այդ մոտեցմամբ, հաջորդ հարցը պետք է լինի, որ որոշենք ծիրանի գինը ինչքան պետք է լինի, տեսախցիկի գինը՝ ինչքան: Դրան չենք գնում, որովհետեւ այդ ճանապարհով երկու-երեք պետություն է գնում: Այլ խնդիր է, որ պետք է տեսնենք՝ շուկայի աղճատումներ կա՞ն, թե՞ ոչ»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Եթե կա շուկայի ձախողում, հակամրցակցային վարքագիծ, պետությունը կարող է միջամտել, բայց գին որոշելու մասին, ըստ նախարարի, խոսք լինել չի կարող:
Լուրեր Հայաստանից - NEWS.am