Կոլխոզի նախագահները գեներալսկի հագուստով են. Սամվել Բաբայան
Ձեզ համար է նորություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, օրերս կալանքից ազատված Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի բացահայտումներին:
«Երբ ես Մոսկվայից եկա, հայտարարեցի՝ կոլխոզի նախագահները գեներալսկի հագուստով են: Ես էդ մարդկանց գիտեմ, ինձ համար ոչ մի բան զարմանալի չէ, ձեզ համար է զարմանալի»,-ասաց և նշեց՝ որ գեներալի դուռը ծեծեք, կարող է՝ էդքան բան չլինի, բայց ուրիշ բան լինի:
«Հիմա հանկարծ զարմացել եք՝ էս ինչ կատարվեց։ Միշտ էլ ըտենց ա եղել, 25 տարի էլ ըտենց գնում ա ու ցիրկ մի տվեք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի պնդումներին, թե Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զենք-զինամթերքի ու սննդամթերքի մասին չեն իմացել, նա ասաց. «Բոլորն էլ գիտեն, բոլորն էլ նույն կառուպցիաներներն են»։
Հարցին, թե այցելելո՞ւ է Արցախ, նա ասաց, որ եթե իշխանությունները որոշեն, որ ինքը պիտի այդ հատվածում զբաղվի նորից, կզբաղվի։ «Ոչ թե ես չեմ ուզում գնալ, անել, այլ որոշողը ես չեմ, դուք եք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե կհրապարակի՞ արդյոք Մանվել Գրիգորյանի նման հարստացած մյուս գեներալների անունները, նա ասաց նման հայտարարություն չի կարող տալ:
«Չի կարա չէ՞ աշխատավարձով գեներալ լինել, մարշալ լինել, ասենք՝ ռեստորաններ ունենա, դղյակներ ունենա։ Հարց է ծագում՝ որտեղի՞ց։ Հա, օդից ընկնում ա պագոնների վրա՞։ Բա էղա՞վ։ Ինչքան գեներալ գիտես, ցուցակն արա, քննչականին ուղարկի։ Նրանց, ում դուք գեներալ եք անվանում, ես դրանց 99 տոկոսին կոլխոզի նախագահ եմ համարում։ Իշխանությունը դրանց սարքել ա անձեռնմխելի», - ասաց նա: