ԱԺ ՀՀԿ խմբակցությունը փակ նիստում քննարկում է Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փակ նիստ է անում, որտեղ քննարկում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը: Հանրապետականները մինչ նիստը չթաքցրեցին, որ իրենք կողմ են քվեարկելու Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելու հարցում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարեց, թե ինքը կողմ է քվեարկելու՝ նաև հետևելով Մանվել Գրիգորյանի հորդորին, որը գործընկերներին խնդրել էր իրեն հնարավորություն տալ իր անունը մաքրել:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին՝ ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ արտահերթ նիստում քննարկման կդրվի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը: