«Երևան» հիմնադրամի տնօրենը պնդում է՝ իր հիմնադրամը կապ չունի ԱԱԾ-ի բացահայտման հետ
Դատավարությունից ակնկալում եմ միայն անաչառություն: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից դուրս գալիս հայտարարություն արեց «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը:
Այսօր դատարանը քննում է նրա միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու հարցը: Մինչ դատարանի վճիռը կայացնելը նա նշեց. «Դատարանը հասկացավ՝ ինչ է կատարվել: Ես ապօրինություններին դեմ եմ, հույս ունենք, որ դատարանը կկանխի ապօրինությունները»:
Դիտարկմանը, թե ինչու է այդ դեպքում ԱԱԾ-ն նման գործողություններ ծավալել, եթե հիմքեր չկան, նա արձագանքեց. «Նրանց հարցրեք: Առայժմ հիմքեր չկան, հիմքեր կլինեն այն ժամանակ, երբ ունենան փաստեր, որ Աշոտ Ղազարյանն ինչ-որ բանից տեղյակ է: Ինձ մեղադրում են՝ հիմնադրամից գումար փոխանցելու թույլտվության մեջ»:
Նա ներկայացրեց, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված անձինք, ովքեր ապօրինությունների մասին են տեղեկացրել, նկատի են ունեցել «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը:
«Գույքի խնդիր է եղել այդ հիմնադրամում, դա ինձ հետ կապ չունի, ինձ հետ կապ ունի այնքանով, որ այդ գումարը եկել է հիմնադրամ, այնտեղից էլ գնացել է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ»,-ասաց նա:
Աշոտ Ղազարյանն ընդգծեց, որ ինքն անձամբ չի ճանաչում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանին, ով ևս ձերբակալվել էր ԱԱԾ-ի կողմից: «Այդ անձնավորությանն արդեն բաց են թողել, այն դեպքում, երբ որ գումարը ձեռքին էին բռնել»,-հայտնեց նա:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի՝ գործում ներգրավվածությանը՝ նա ասաց, որ քաղաքապետարանը կապ չունի, ուղղակի ներգրավված է այս գործի հետ կապված խոսակցություններում, քանի որ Երևանի քաղաքապետը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Աշոտ Ղազարյանը դատարանի բակում սպասելու է մինչև դատարանի վճիռը: Հավելենք, որ Աշոտ Ղազարյանը ձերբակալման օրից հացադուլ և ջրադուլ է հայտարարել։