Ադրբեջանը պարբերաբար շարունակում է շփման գոտում իրավիճակի ապակայունացման գործողությունները. Դավիթ Տոնոյան
Ադրբեջանը պարբերաբար շարունակում է շփման գոտում իրավիճակի ապակայունացման գործողությունները, մասնավորապես` դիպուկահար կրակը, հանգեցնելով նոր զոհերի: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին: Անդրադարձ է եղել նաեւ վերջին շրջանում Նախիջևանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիրքերի տեղաշարժին:
Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը` փոխվստահության ամրապնդման համակողմանի միջոցների ներդրմամբ: Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում ցանկացած շարժ: