Նիկոլ Փաշինյանը կմասնակցի աշխարհի առաջնության բացման արարողությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի մայրաքաղաք մեկնարկում է այսօր՝ հունիսի 13-ին, ինչի մասին կառավարության ղեկավարը հայտարարել է նախօրեի երեկոյան՝ Facebook-ի հերթական ուղիղ եթերի ժամանակ:
«Ես ընդունել եմ հրավերը և առավոտյան թռչում եմ Մոսկվա: Ներկա կլինեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը և կհանդիպեմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:
Ռուսաստանի մայրաքաղաք ժամանելուն պես Հայաստանի կառավարության ղեկավարը կմեկնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ երեկոյան կմասնակցի ԱԱ-2018-ին նվիրված մի շարք միջոցառումների:
Հունիսի 14-ին Հայաստանի վարչապետը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, նույն օրը կայցելի Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: