Թրամփի դուստրն ու փեսան 1 տարում 82 մլն դոլար են վաստակել
Ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի ու նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների (նրանք աշխատում են Սպիտակ տանը՝ որպես նախագահի խորհրդականներ-tert.am) ֆինանսական հաշվետվությունը, համաձայն որի՝ ամուսինները մեկ տարում վաստակել են ավելի քան 82 մլն դոլար:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Թրամփն ու Քուշներն այս գումարը վաստակել են ոչ թե Սպիտակ տանն աշխատելով, այլ խորհրդականի պաշտոնից զատ այլ գործունեությամբ զբաղվելու արդյունքում:
Մասնավորապես՝ Իվանկա Թրամփը 3.9 մլն դոլար է ստացել Trump International Hotel-ում ունեցած իր մասնաբաժնից, ևս 5 մլն դոլար՝ իրեն պատկանող բրենդից, 2 մլն դոլար՝ Trump Payroll Corp ընկերությունից, 289.000 դոլար՝ իր գրած գրքի վաճառքից:
Մինչդեռ Քուշներն ավելի քան 5 մլն դոլար է ստացել Նյու Ջերսիում ունեցած անշարժ գույքից: Զույգի եկամտի ծագման մյուս աղբյուրների մասին պարբերականը տեղեկություն չի ներկայացնում:
Ամուսինների խոսնակ Փիթեր Միրիջանյանն, իր հերթին, հայտարարել է, որ զույգի ընդհանուր կարողությունն էականորեն չի փոխվել:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփին ու նրա ընտանիքի անդամներին բազմիցս քննադատել են երկրի ղեկավարի պաշտոնը հօգուտ անձնական հարստացման օգտագործելու համար: