Էրդողանն ընթրիքի սեղանի շուրջ վիճել է Լրագրության ֆակուլտետի ուսանողի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ազատության խնդիրների թեմայի շուրջ վիճել է Լրագրության ֆակուլտետի ուսանողի հետ, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Հայտնի է, որ ուսանողը մասնակցել է Ռամադանի պահքից հետո մատուցվող բաց ընթրիքին, որը մատուցվել է նախագահի նստավայրում՝ Էրդողանի մասնակցությամբ։
Երիտասարդ ուսանողը, դիմելով Էրդողանին, նշել է, որ իր կարծիքով Թուրքիայում մամուլն ազատ չէ և ինքը չի ցանկանում իր հայրենիքում տեսնել կալանավորված լրագրողների։
Դրան ի պատասխան Էրդողանն ասել է․ «Դու այնքան ազատ ես, որ կարողանում ես այստեղ՝ նախագահի նստավայրում հանգիստ ինձ տալ այս հարցը»։
Երբ ուսանողը շեշտել է Թուրքիայի բանտերում գտնվող լրագրողների մասին՝ Էրդողանը հիշեցրել է, որ «յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, ուր սկսում է խախտվել մյուսինը»։
«Եթե նրանք իմ ընտանիքի անդամների հասցեին ամեն տեսակի վիրավորանք օգտագործելով նրանց գետինն են մտցնում, դուք դեռ դրան ասում եք «լրագրողի ազատությո՞ւն», - ասել է Էրդողանը։