«Արցախն այն վայրն է, որտեղ հայերը միշտ են եղել». Վլադիմիր Սոլովյովը՝ ուկրաինացի քաղաքագետին (տեսանյութ)
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» («Вечер с Владимиром Соловьевым») հաղորդման ժամանակ ուկրաինացի քաղաքագետ Վյաչեսլավ Կովտունը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում պաշտպանում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
«Այսինքն՝ Դուք Արցախի դե՞մ եք: Դուք տեղյա՞կ եք, որ Արցախն այն վայրն է, որտեղ հայերը միշտ են եղել: Անգամ ժամանակակից Երևանի տարածքում եղել են ժամանակաշրջաններ, երբ հայեր չեն եղել, իսկ Արցախում հայեր միշտ են եղել: Այդ հարցը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու միակ հնարավորությունն Արցախի բոլոր հայերին վերացնելն է, ինչին մարդկությունը չի գնա»,- Վյաչեսլավ Կովտունի հայտարարությանն ի պատասխան ասել է Վլադիմիր Սոլովյովը:
Ռուս հաղորդավարը հավելել է, որ Արցախում ապրել են մարդիկ, որոնք ուսուցիչ են աշխատել, հող են մշակել, իսկ հետո սկսվեց պատերազմ, ընդ որում՝ Խորհրդային Միության ղեկավարության մեղքով:
«Այդ ժամանակ արցախցիները ոտքի ելան և ստիպված էին պաշտպանել իրենց: Դա սարսափելի հակամարտություն է, այն այդպես հեշտ չէ լուծել, դա սարսափելի ժառանգություն է: Այդ պատճառով պետք է շատ զգույշ լինել հայտարարություններում»,- ասել է նա: