Արարատ Միրզոյանը նարկոդիլեր Ժորիկին չի ճանաչում
«Եթե նարկոդիլերը խորհրդական է նշանակվել, դա լավ չէ»։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ հավելելով սակայն, որ ինքը ոչ մի «Ժորիկ»–ի չի ճանաչում։ Նշենք, որ խոսքը Գեորգի Մուրադյանի (մականունը` Ժորիկ) մասին է, որը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական:
«Ես իսկապես չեմ ճանաչում, գուցե Ավինյանին հարցնեք»,–նշեց Միրզոյանը։
Դիտարկմանը, որ նախարարություններում նշանակումներ են լինում, ապա պարզվում է, որ օրենքի խախտումով է եղել, արդյոք նախարարները չեն տիրապետում օրենքին, առաջին փոխվարչապետը հորդորեց չընդհանրացնել. «Եղել է այդպիսի մեկ դեպք, ես օրենքն եմ նաեւ ուսումնասիրել, ցանկության դեպքում կարելի էր այլ կերպ մեկնաբանել, բայց ճշմարիտ մեկնաբանությունը թույլ չէր տալիս այդպիսի նշանակում անել, այսինքն՝ օրենքի պահանջի սխալ կիրարկում է եղել, որի արդյունքում այդ անձնավորությունը ազատվել է խորհրդականի պաշտոնից, որը չէր կարող զբաղեցնել եւ նշանակվել է օգնականի պաշտոնում։ Նախարարն ու նախարարությունը ափսոսանք են հայտնել եւ ներողություն խնդրել քաղաքացիներից այդ սխալի համար»,–հայտնեց նա։
Արարատ Միրզոյանը հայտնեց, որ, իր տպավորությամբ, նախարարության հաստիքային իրավաբաններն էին հուշել նախարարին, որ օրենքն այդպիսի հնարավորություն տալիս է։
Նշենք, որ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը պարզաբանել է Մուրադյանի նշանակումը, արձանագրել, որ նրան առաջադրված մեղադրանքը ժամանակին հանվել է, իսկ Մուրադյանն արդարացվել է։
Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարությունը տեղեկացրել էր, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել սփյուռքի նախարարի օգնական:
Ըստ օրենսդրության, խորհրդական կարող է նշանակվել 30 տարին լրացած քաղաքացին, իսկ Վաղարշակ Հակոբյանը 27 տարեկան է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am