Թուրքիայում քրդական հարց այլևս գոյություն չունի․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդաբնակ Դիարբեքիրում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում քրդական հարց այլևս գոյություն չունի, գրում է թուրքական artigercek.com կայքը։
«Այսօր՝ 2018 թվականին, Թուրքիայում այլևս չկա այն խնդիրը, որ կոչվում է քրդական հարց: Մեր առջև կա միայն մեկ՝ ահաբեկչության խնդիր, որն էլ հիմա լուծում ենք», - ասել է Էրդողանը։
Նա նաև կոշտ քննադատության է ենթարկել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն ու հայտարարել, որ նրանք իրենց արժեքների հետ որևէ կապ չունեցող աթեիստներ են։
«Սրանք իսլամի հետ որևէ կապ ունե՞ն: Սրանք աթեիստներ են: Ով ուզում է լինի՝ քուրդ, աբխազ, ռումինացի՝ իմ քաղաքացուն թշնամություն անողն իմ թշնամին է», - ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:
Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: