ՌԴ ԱԳՆ կայքում ռուս պաշտոնյայի ասուլիսի Արցախյան հիմնախնդրին վերաբերվող հատվածը սրբագրվել է (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի նախագահի տեղակալ Արտյոմ Կոժինի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ երեկվա հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել, ինչից հետո ՌԴ ԱԳՆ կայքում նրա ասուլիսի այդ հատվածը ստիպված են եղել սրբագրել։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի նախագահի տեղակալ Կոժինը երեկ տված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի սադրիչ ձևակերպումներով հարցին՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ:
Իր հարցում ադրբեջանցի լրագրողն օգտագործել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» արտահայտությունը, իսկ Արցախի իշխանություններին անվանել «անօրինական ռեժիմ»։
«Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն անհնար են առանց Ադրբեջանի օկուպացված տարածքներում ձևավորված անօրինական ռեժիմի մասնակցության:
Որքանո՞վ են նման հայտարարությունները բարդացնում կարգավորման գործընթացը և խանգարում կողմերին ընդհանուր լեզու գտնել»,- հարցրել է ադրբեջանցի լրագրողը:
Ի պատասխան Արտյոմ Կոժինն ասել է. «Բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի ամրագրած ռելսերի մեջ, հավանաբար, ոչ կառուցողական են»: Հնչեցվածն ադրբեջանական լրատվամիջոցներին առիթ է տվել ասածը վերագրելու հայկական կողմի հայտարարություններին։
Սակայն ժամեր անց ՌԴ ԱԳՆ կայքում ասուլիսի Արցախյան հիմնախնդրին վերաբերվող հատվածը սրբագրվել է, որում ներկայացվել է, որ ի պատասխան Արտյոմ Կոժինն ասել է. «Ձեր բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի ամրագրած ռելսերի մեջ, հավանաբար, ոչ կառուցողական են»: Այսպիսով՝ ՌԴ ԱԳՆ կայքում ներկայացվել է, որ պաշտոնյան իր խոսքն ուղղել է ադրբեջանցի լրագրողին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն առանց բանակցություններին Արցախի մասնակցության անհնար է: ՀՀ վարչապետն ընդգծել էր, որ Հայաստանը բանակցում է իր անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցեն Արցախի իշխանությունները:
Այդ հատվածը կարող եք լսել 49.45-ից.