Պուտինն ու Կիմ Չեն Ընը հնարավոր է հանդիպեն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումն իսկապես կարող է կայանալ, դրա հավանականությունն ու հնարավոր ժամկետները քննարկման փուլում են։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այո, նման հանդիպում իսկապես կարող է տեղի ունենալ», - ասել է Պեսկովը։
Ընդ որում՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ այդ հանդիպումը տեղի ունենա Պեկինում, Պեսկովը բացասական պատասխան է տվել ու նշել, որ նման տարբերակ այս պահին չի քննարկվում։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հրավիրել է Ռուսաստան։
«Եկեք Ռուսաստան, մենք շատ ուրախ կլինենք», - ասել է Լավրովը Փհենյանում կայացած բանակցությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ այժմ Փհենյանն ակտիվ նախապատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատմական հանդիպմանը: