Թուրքիայի ընդդիմությունից «հաջողության հոտ է գալիս»․ The Economist-ը՝ Էրդողանի հիմնական մրցակիցների մասին
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Հեղինակավոր The Economist պարբերականն անդրադարձել է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեք հիմնական մրցակիցներին՝ Մերալ Աքշեներին, Մուհարրեմ Ինջեին ու Սելահաթթին Դեմիրթաշին։ Վերջիններիս պայքարը պարբերականը բավականին հաջող է գնահատում՝ միևնույն ժամանակ փաստելով, որ նրանցից ոչ մեկը դեռ չի հաջողել դառնալ միանշանակ ֆավորիտ, սակայն Էրդողանի դեմ պայքարում նրանցից արդեն «հաջողության հոտ է գալիս»։
Ինչպես նշում է պարբերականը, նորաստեղծ ընդդիմադիր «Լավ» կուսակցության հիմնադիր ու նախագահ Մերալ Աքշեները, որը ժամանակին Թուրքիայի ներքին գործերի նախարարն էր, բավականին կարճ ժամանակահատվածում կարողացել է ձեռք բերել իր ընտրազանգվածը, որը խորհրդարանական ընտրություններում միանշանակ ունակ է հաղթահարել պահանջվող նվազագույն 10 տոկոսի շեմը։
Մեկ տարուց պակաս ժամանակահատվածում նման արդյունքի հասնելը The Economist-ը համարում է հարգանքի արժանի՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ «վաստակավոր ազգայնական» համարվող Աքշեները նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կմոտենա ձայների 20 տոկոսին։
Մինչ օրս Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեի մասին խոսելիս The Economist-ը հատկապես շեշտում է նրա՝ Թուրքիայի պահպանողական հատվածի հետ լավ լեզու գտնելու ունակությունը, ինչն այդքան էլ հատուկ չի եղել իր՝ աշխարհիկ ու հակապահպանողական քաղաքականությամբ հայտնի քեմալական կուսակցությանը։
«Ավանդապաշտ ընտանիքում ծնված Ինջեն նամազ է անում, սակայն, միևնույն ժամանակ, ալկոհոլ էլ է օգտագործում», - գրում է պարբերականը։
The Economist-ը նաև անդրադարձել է իսլամիստական գաղափարախոսությամբ հայտնի «Երջանկություն» կուսակցության՝ վերոնշյալ երկու ընդդիմադիր ու աշխարհիկ կուսակցությունների հետ մեկ ընդդիմադիր դաշինքի մեջ մտնելուն ու նշել, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, որը հայտնի էր իր մոդեռն ու աշխարհիկ բարեփոխումներով և կրոնական գործոնը պետական համակարգից իսպառ դուրս մղելու քայլերով, սա տեսնելով հավանաբար «դագաղում շուռ է եկել», սակայն «դժվարին ժամանակները դրդում են դժվարին համագործակցությունների»։
Ինչ վերաբերում է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, կուսակցությունից նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին, պարբերականը նկատում է, որ նախնական հարցումների համաձայն՝ նրա աջակիցների թվին նայելիս կարելի է արձանագրել, որ դա բավականին լավ արդյունք է նախընտրական քարոզարշավի ընթացքում բանտում գտնվող ու արտաքին աշխարհից գրեթե կտրված նախագահի թեկնածուի համար։