Ադրբեջանը որոշել է ազատ չարձակել հայտնի ակտիվիստներին. HRW
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած ուրբաթ 634 դատապարտյալի համաներման մասին հրամանագիր է ստորագրել, որոնց թվում, սակայն, իրավապաշտպանների գնահատմամբ, միայն 12 քաղբանտարկյալ է եղել, հայտնում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Չնայած նա համաներման է ենթարկել մի քանի կրոնական ակտիվիստի և ընդդիմադիր կուսակցության անդամների, որոնց ընդամենը մի քանի օր էր մնում ազատ արձակվելու համար, քայլն անսպասելիորեն և ցավալիորեն բացառել է տասնյակ նշանավոր քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների, բլոգերների և լրագրողների, որոնք շարունակում են ազատազրկված մնալ, հայտնում է կազմակերպությունը։
Ադրբեջանցի պաշտոնյաները երկրի անկախության 100-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի խիստ սպասված հրամանագիրն ամիսներ շարունակ օգտագործել են մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ քննադատությունը շեղելու և դրանով որոշակի արդյունքներ ակնկալելու համար:
Դա, սակայն, տեղի չունեցավ, և քաղբանտարկյալները շարունակում են ճաղերի հետևում մնալ: Եվրամիության համար խիստ կարևոր է լրացուցիչ ճնշում գործադրել՝ նրանց ազատ արձակմանը հասնելու համար: ԵՄ-ն պետք է նրանց ազատությունը կապի այժմ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական և տնտեսական ավելի սերտ գործընկերության մասին բանակցությունների հետ:
«Այս ակտիվիստները սպասում էին, որ Ալիևի համաներումը նրանց ազատություն կտա, որը նրանցից խլվել է անարդարացիորեն՝ իրենց ակտիվիզմի համար: ԵՄ-ն պետք է այժմ պնդի նրանց ազատ արձակման և ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների դադարեցման հարցում»,- նշել են կազմակերպությունում: