Գնաճ կլինի, բայց ընդամենը չորս տոկոս
Անցած տարի մենք ունեցանք բյուջեով նվազագույն սահմանում գնաճ: Այս մասին ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման շրջանակներում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
«Առանձնապես մեծ գնաճային ճնշումներ հիմա չեն նկատվում: ԿԲ քաղաքականությունը ինչպիսի՞ն պետք է լինի, որ մեր գնաճը լինի կանխատեսվածից միջին շրջանակներում, ապահովվի տնտեսական աճի ավելի բարձր մակարդակ»,- հարցրեց պատգամավորը:
Արթուր Ջավադյանն ասաց, որ գնաճի մասով նախորդ տարի 2.6 տոկոս է եղել, իսկ այս պահին գնաճի ցուցանիշները հուսադրող են: «Այն իրավիճակը, որ մենք ունենք, մեր կողմից նախանշված գնաճը կդառնա իրականություն: Այստեղ բավական լուրջ ազդեցություն կունենա գյուղատնտեսական արտադրանքը, մի շարք այլ գործոններ՝ միջազգային գների տենդենցներ, տարածաշրջանային ռիսկեր և այլն:
Հուսադրող թվեր ունենք, գտնվելու ենք կանխատեսված հորիզոնում, ոչ ավել, քան 4 տոկոս գնաճ»:
Միաժամանակ Ջավադյանն ասաց, որ կան գների աճի ռիսկեր, Հայաստանը մտնում է դեֆլյացիոն սեզոնային շրջան, մրգի ու բանջարեղենի գների անկում է լինելու, ինչի արդյունքում էլ հստակ կլինի, թե տարվա վերջ գնաճի ինչ ցուցանիշ կարձանագրվի: