Իրարանցում «Նորֆոլկի» շուրջ
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործունեությունը պետք է բացահայտվեր նախորդ կառավարության կողմից, Այն ժամանակ ի՞նչն էր խնդիրը, որ սրան չեք արձագանքել, որ մենաշնորհային վիճակ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԱԱԺ-ի կողմից այդ ընկերությունում տեղի ունեցած կոռուպցիան բացահայտումներին:
Մելքումյանի խոսքով, 9 կարգոների փոխարեն ստեղծվել է մեկ կազմակերպություն՝ «Նորֆոլկ Քոնսալթինգը», որը մենաշնորհային քաղաքականություն է վարվել, օդից վճար է գանձվել. «Այն ժամանակ ի՞նչն էր խնդիրը, որ սրան չեք արձագանքել, որ մենաշնորհային վիճակ է: Կարգոները էլի բերում էին նույն ապրանքը, «Նորֆոլկը» իր ծառայության համար կգ-ի համար 0,7 դոլար էր վերցնում: Քանի՞ հարյուր հազար տոննա ապրանք է եկել եւ օդից որքան փող է գնացել «Նորֆոլկի» գրպանը»,-հարց ուղղեց պատգամավորը:
Ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը ստեղծելով առաջին անգամ փորձ արվեց կգ-ով մաքսազերծվող բեռները փաստաթղթավորել: «Նորֆոլկ Քոնսալթինգի»-ի կողմից կգ-ով մաքսազերծում իրականացնելուց հետո տեսականիով փաստաթղթեր էին ներկայացվում: Սա կարևոր քայլ էր, որ մենք կատարեցինք: Մենք հիմքը դրեցինք, որ կգ-ով մաքսազերծվող բեռները փաստաթղթավորվի ըստ տեսականու: Մենք սա ենք արել ՊԵԿ-ի հետ միասին»,-ասաց նա:
Դավիթ Անանյանը նկատեց, որ այդ մեխանիզմը ճիշտ կլիներ իրականացնել պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն հիմնելով. «Այն գործառույթը, որն իրականացնում էր «Նորֆոլկ Քոնսալթինգը», նախկինից ժառանգված մութ ու գաղտնի, կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի որոշակի շտկում իրականացնելու նպատակ է ունեցել»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նա նշեց, որ գործող 9 կարգոները իրականացնում էին եւ բեռնափոխադրում եւ մաքսազերծում. «Նորֆոլկը» բացվել էր այն նպատակով, որ բեռնափոխադրումները մաքսազերծման գործընթացից տարանջատվեն, մաքսազերծումն իրականացվի մաքսային մարմնի կողմից վերահսկելի գործառույթներով: Այս տեսանկյունից «Նորֆոլկի» դերակատարումը բավական մութ ու խառը պատմություններ ջրի երես է հանել: Ես ձեռնպահ կմնամ ասել՝ արդյոք «Նորֆոլկը» հարկեր թաքցրել է, թե ոչ, բայց ուզում եմ ասել, որ «Նորֆոլկը» ստեղծվել է որոշակի կարգավորումների համար: Թե որքանով է դա հաջողվել, քննությունը ցույց կտա: Ես՝ որպես մասնագետ, կարծում եմ, որ նախկինի համեմատ «Նորֆոլկն» ավելի թափանցիկ վիճակ է ստեղծել»,- ասաց նա:
Նշենք, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործով կալանավորվել է 3 մարդ՝ ընկերության գլխավոր տնօրենը, գլխավոր հաշվապահն ու հաշվապահության ծառայության գծով տնօրենը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող եւ մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էր արել՝ նշելով, որ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից եւ ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային եւ մաքսային փաստաթղթեր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am