Ազատության հրապարակում ի պաշտպանություն «հաց բերողի» իրականացվող ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի դատախազություն
Այսօր Ազատության հրապարակում բողոքի ակցիա էր իրականացվում՝ ի պաշտպանություն անցած տարի ամռանը ոստիկանական շղթան ճեղքած և ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող Սասնա ծռեր զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի», ով արդեն 16 օր է հացադուլ է հայտարարել:
Ակցիայի մասնակիցները մտահոգված էին, որ նա ունի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի է դարձնում իր բանտարկությունը:
«Արթուր Սարգսյանը բանտում հայտնվեց ոչ իր անձնական ամբիցիաների հետևանքով, հայ մարդու բարոյականությունը և արժանապատվությունը բարձր պահեց: Նա իր քայլով պայքարի դուրս եկավ ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու համար, և մենք պարտավոր ենք տեր կանգնել Արթուր Սարգսյանի պես մարդուն: Ինձ համար նրա կյանքն է կարևոր, ոչ թե ոգեշնչելը»,-իր ելույթում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը և առաջարկեց Ազատության հրապարակը դարձնել պայքարի կենտրոն:
Քննարկվեց նաև Ազատության հրապարակում նստացույց անելու տարբերակը։
Առաջարկվեց հերթափոխով 5-6 հոգով նստացույց իրականացնել և ամեն օր հանրահավաք կազմակերպել:
ԱԺ խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ցուցակում գտնվող Անահիտ Բախշյանը չհամաձայնեց նստացույցի գաղափարի հետ: «Բոլորովին պարտադիր չէ, որ Արթուրը այնտեղ հացադուլի մեջ առողջական խնդիրներով պարկի, դուք էլ այստեղ գիշերով ցրտի մեջ հիվանդանաք, սրանով ոչնչով չեք օգնելու, եթե նույնիսկ երկու հոգի մնան, նրանց առողջությունը շատ կարևոր է»,- ասաց նա և նշեց, որ, իր կարծիքով, բոլոր մտահոգ մարդիկ, ովքեր հարթակ ունեն ԱԺ-ում, իրենց ձայնը տեղ հասցնելու ձև կգտնեն:
Նա իր խոսքը ուղղելով դատախազությանն՝ ասաց. «Հանցագործության կատարած մարդուն չեն ձերբակալում, իսկ Արթուրի դեպքում ինչ-որ «մահանա» գտան և ձերբակալեցին: Ինչու են Արթուրից վախենում սրիկաները»:
Այնուհետև ցուցարարները երթով շարժվեցին դեպի դատախազություն:
Նշենք, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացրել է, որ ինչպես նշվել է, փետրվարի 10-ից հացադուլի մեջ գտնվող Ա. Սարգսյանը հրաժարվում է որևէ տեսակի բժշկական օգնություն ստանալուց:
Նշենք նաև, որ ԵԼՔ դաշինքից ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցով ԱԺ-ում ստորագրահավաք են նախաձեռնել: