«Մենք ոչ Ռուսաստանի հետ ենք Եվրոպայի դեմ, ոչ էլ Եվրոպայի հետ՝ Ռուսաստանի դեմ»
Բելառուսն ինքնիշխան պետություն է և հստակ գիտակցում է իր դիրքը կոորդինատների միջազգային առանցքի վրա: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում «Արևելյան Եվրոպա. բոլորի համար անվտանգության որոնումների մեջ» միջազգային փորձագիտական համաժողովի ժամանակ:
«Մենք ոչ Ռուսաստանի հետ ենք Եվրոպայի դեմ, ոչ էլ Եվրոպայի հետ՝ Ռուսաստանի ու ամբողջ Արևելքի դեմ: Մեզ համար սկզբունքորեն անընդունելի է հարցը, թե ում հետ ենք մենք», - մեջբերում է «Беларусь сегодня»-ն Լուկաշենկոյի խոսքը:
«Մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրվելու կողմնորոշումը ոչ մի կերպ չեն խախտում Եվրոպայի երկրների շահերը: Եվ հակառակը՝ Եվրոպական միության, ԱՄՆ-ի, Արևմուտքի հետ մեր հարաբերությունների զարգացումը չի հակասում Արևելքում մեր սերտ համագործակցության դինամիկային, այլ ծառայում է վստահության գոտու ստեղծմանը», - ասել է նախագահը:
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի արտաքին քաղաքական նախաձեռնությունները լայնորեն և ամբողջությամբ հայտնի են:
«Դա ինտեգրացիոն միավորումների գործընկերության գաղափարների խթանումն է Մեծ Եվրոպայում, անվտանգության ու համագործակցության ամրապնդմանն ուղղված համաեվրոպական երկխոսության վերականգնումը», - ընդգծել է նա: