Պուտինը կոչ է արել պահպանել իրանական միջուկային գործարքը
Իրանական միջուկային գործարքն անհրաժեշտ է պահպանել, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն անձնական զրույցում հաստատել է, որ Թեհրանն իրականացնում է բոլոր պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է Իրանին, Ռուսաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է. մենք կարծում ենք, որ գործարքը հարկավոր է պահպանել, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը… Ես հանդիպել եմ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ, նա անձնական զրույցում ինձ հաստատել է, որ Իրանը կատարում է իր բոլոր պարտավորությունները»,- ասել է Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներով:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի՝ 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:
Նա Թեհրանին մեղադրել է համաձայնագրում առկա սողանցքներից օգտվելու ու միջուկային և հրթիռային ծրագրերը գաղտնի զարգացնելու համար: