Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հունաստանին՝ բարձրաստիճան թուրք զինվորականին քաղաքական ապաստան տալու համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Հունաստանի իշխանություններին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած բարձրաստիճան զինվորականներից Սուլեյման Օզքայնաքչըին քաղաքական ապաստան տրամադրելու համար, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Հունաստանին միջազգային իրավունքը խախտելու ու արհամարհելու համար։
«Մենք խստիվ դատապարտում ենք այս որոշումը, որը խորապես խոցել է թուրք ժողովրդին», - ասված է տարածված հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև Հունաստանին անվանել է «ապստամբներին աջակցող» երկիր և հույս հայտնել, որ հարևան երկիրն «այլևս նման սխալներ թույլ չի տա»։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: