Թուրք-իրանական հարաբերություններում նոր լարվածությունն անդրադառնում է Թուրքիայի տնտեսության վրա. թուրք լրագրող
Թուրք լրագրող Ֆեհիմ Թաշթեքինը, անդրադառնալով թուրք-իրանյան հարաբերություններում առկա վերջին լարվածությանը, նշել է, որ ստեղծված իրավիճակն ազդում է Թուրքիայի տնտեսական վիճակի վրա և վնասում թուրք գործարարների՝ Իրանի հետ ունեցած կապերը:
Ինչպես նա գրել է թուրքական demokrathaber.org կայքում իր հոդվածում՝ Թուրքիան Սիրիայում ունեցած անհաջողությունների համար մեղավորներ է փնտրում, սակայն այս դեպքում Իրանի հետ հարաբերությունների սրումը դժվար իրավիճակի մեջ է դրել բազմաթիվ թուրք գործարարների, որոնցից ոմանք ստիպված են եղել չեղարկել դեպի Իրան իրենց գործնական ճանապարհորդությունները:
Լրագրող Թաշթեքինը նշում է, որ թուրք և իրանցի գործարարները հիմնականում համագործակցում են էներգետիկ, շինարարական, զբոսաշրջային և հանքարդյունաբերական ոլորտներում:
Հիշեցնենք, որ Մյունխենի միջազգային խորհրդաժողովում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով Սիրիայում և Իրաքում իրանական ռազմական ուժի ներկայության մասին, ասել էր. «Իրանը ցանկանում է Սիրիան և Իրաքը շիական դարձնել: Իրանի այս տիպի գործողությունների դեմն առնելու կոչ ենք անում»:
Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բահրեյն այցի ժամանակ, խոսելով իրաքյան Մոսուլում շիական ուժերի ներկայության մասին, ասել էր. «Ոմանք ցանկանում են և՛ Իրաքի, և՛ Սիրիայի պառակտումը: Այնտեղ կատարվողն էթնիկ, կրոնական պայքար է, որովհետև այնտեղ կա ազգայնականություն: Մենք պետք է կանգնեցնենք այս ամենը»:
Ի պատասխան Թուրքիայի այս հայտարարություններին՝ Իրանի ԱԳՆ-ն նշել էր, որ իրենք փորձում են հնարավորինս համբերատար պահվածք ցուցաբերել, սակայն «ամեն բան ունի իր չափ ու սահմանը»: