Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողովի անդամները հայ պատգամավորին զրկել են մանդատից
Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողովի անդամները մանդատի հարցերով հանձնաժողովի նիստում քննարկել են պատգամավոր Արմեն Կարապետյանի լիազորությունների վայր դրման հարցը, տեղեկացնում է e1.ru կայքը:
«Մինչ ես Հայաստանում էի, գործընկերներս ինքնագլուխ ձևով մանդատի հարցերով հանձնաժողովի նիստ են նշանակել՝ որոշելով, որ ինձ պետք է զրկեն մանդատից: Բայց ինչպե՞ս, այդպես չի լինում: Եթե ընտրողներս այստեղ գային ու ասեին, որ ինձ չեն վստահում, այդ դեպքում առանց որևէ խնդրի, սեփական կամքիս համաձայն դիմում կգրեի: Իսկ այն, ինչ այստեղ է կատարվում, սանձարձակություն է»,-ասել է Կարապետյանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Արմեն Կարապետյանի լիազորությունների վաղաժամ վայր դրման օգտին քվեարկել է 42 պատգամավոր, դեմ՝ մեկը, ձեռնպահ՝ նույնպես մեկը: Օրենսդիրների նման քայլը պայմանավորված է այն փաստով, որ եկամտի մասին հայտարարագրում Կարապետյանը չի նշել երկու երեխայի անունով գրանցված ունեցվածքի մասին: