«Ելք»-ն արհամարհում է ՏԻՄ ընտրությունները
«Հրապարակը» գրում է. «Հունիսի 10-ին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Դատելով համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուների ցանկից՝ նրանց ճնշող մեծամասնությունն ինքնաառաջադրվել է: Միայն մեկ համայնքում է, որ ՀՀԿ-ն թեկնածու է առաջադրել, իսկ ԲՀԿ-ն՝ 6 համայնքում: Մասնավորապես՝ Արարատի մարզի Այգեզարդ համայնքում գրանցված 5 թեկնածու կա, որոնցից մեկը ԲՀԿ-ի կողմից է առաջադրվել: Գործող ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Մանուկյանը, ով համայնքը ղեկավարում է 2000-ից, նույնպես առաջադրվել է, սակայն ոչ թե ՀՀԿ-ի կողմից, այլ՝ ինքնաառաջադրումով:
Գոռավանում նույնպես առաջադրվել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Արսեն Բազիկյանը, ով համայնքը ղեկավարում է 2003-ից: Նա նույնպես ինքնաառաջադրվել է: Նրանից բացի, առաջադրվել է ևս հինգ թեկնածու, որոնցից մեկը՝ Վարդան Պետրոսյանը, ԲՀԿ-ի կողմից:
Լոռու Գեղասարում առաջադրվել է երեք թեկնածու, որոնցից մեկը համայնքի ղեկավար անկուսակցական Ստասիկ Հովհաննիսյանն է, թեկնածուներից մեկն էլ՝ Վարազդատ Գրիգորյանը, առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից:
Կոտայքի Գետամեջում նույնպես երեք թեկնածու կար առաջադրված, որոնցից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը: Համայնքի ղեկավար, 1997-ից գյուղապետի պաշտոնում աշխատող Ավետիս Մուրադյանը նույնպես ինքնաառաջադրվել է: Արագածոտնի Նոր Արթիկ համայնքը միակն է, որտեղ ՀՀԿ-ական գյուղապետին՝ Թաթուլ Գրիգորյանին առաջադրել է հարազատ կուսակցությունը: Գրիգորյանը համայնքը ղեկավարում է արդեն 10 տարի՝ 2008-ից: Նրա մրցակիցներից մեկը՝ Վարդգես Ներսիսյանը, ԲՀԿ-ական է, առաջադրված նույն այդ կուսակցության կողմից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: