Մեծ Բրիտանիայում 3 նոր հետաքննություն է սկսվել Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած RT-ի նկատմամբ
Բրիտանական Ofcom մեդիակարգավորիչ մարմինը երեք նոր հետաքննություն է սկսել Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած RT լրատվամիջոցի նկատմամբ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կազմակերպության հաղորդագրությունը:
Ապրիլի 26-ին և մայիսի 4-ին հետաքննություններ են սկսվել հեռուստաալիքի լրատվական հաղորդումների, ապրիլի 20-ին՝ Crosstalk ծրագրի դեմ:
Այժմ լրատվամիջոցի դեմ բացված գործերի թիվը հասել է 10-ի:
Կարգավորիչ մարմինը հստակեցնում է, որ հետաքննություն սկսելու փաստը չի նշանակում, որ հեռարձակողը որևէ խախտում է արել:
Ավելի վաղ նշվել էր, որ բողոքները վերաբերում են «հեռուստաալիքի լրատվական և վավերագրական հաղորդումների անհրաժեշտ անկողմնակալության մասին» հարցին:
Մարտին բրիտանացի խորհրդարանականները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել հեռուստաաընկերության դեմ՝ ընդհուպ արտոնագիրը հետ կանչելը, եթե ապացուցվի ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածությունը:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել: